ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է հայ գերիների հարցով Բաքվի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ կոնգրեսականների կոչը և հայտարարել, որ «անօգուտ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։
Նա այսպես է մեկնաբանել 60 կոնգրեսականի նամակը, որով Պետդեպարտամենտին կոչ են արել ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և հայկական տարածքների անօրինական օկուպացիայի համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
«Հիմա տեսնում ենք, թե ինչպես է մտացածին պատրվակով ավելանում ճնշումն Ադրբեջանի վրա։ Բայց կարծում եմ, որ անիմաստ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ ճնշում է գործադրվել, այսպես ասած, տարբեր հարցերով։ Խոսքը ոչ միայն ինքնիշխան պետության վրա ճնշում գործադրելու անթույլատրելիության սկզբունքային դիրքորոշման մասին է, այլ որ այս թեման պահանջում է մասնագետների իրական ներգրավվածություն և ոչ թե հերթական քաղաքական մահակի կիրառում, որով ԱՄՆ-ն բոլորի գլխին կհարվածի, միայն թե իրեն ձեռնտու լուծում ստանա»,- ասել է նա։
Զախարովան ամերիկացի օրենսդիրներին մեղադրել է «միջազգային լոբբինգի համար գումարներ ստանալու» և իրենց ընտրված պաշտոնները որպես բիզնես օգտագործելու մեջ։ Նա կոչ է արել նրանց լուծել Միացյալ Նահանգների ներքին խնդիրները, ինչպիսիք են «թմրամիջոցների ամբողջական օրինականացումը, երեխաների վրա տարբեր տեսակի հրեշավոր փորձերը, գենդերային անվերջ մանիպուլյացիաները, մասշտաբային հանցագործությունները, սեփական սահմանների հետ կապված չլուծված խնդիրները», ինչպես նաև սկանդալը, որով հոլիվուդյան աստղերին մեղադրում են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ԱՄՆ կոնգրեսականների նամակն անվանել է «կլիմայի փոփոխության հանրաճանաչ թեմայի շուրջ արհեստականորեն աժիոտաժ ստեղծելու փորձ»:
«Իրականում՝ Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ արդյունավետորեն սաբոտաժ են անում կլիմայական ֆինանսավորման ոլորտում նոր հավաքական համաձայնագիրը, ինչպես նաև ածխածնային միավորների միջազգային շուկա ստեղծելու շուրջ կոնսենսուսի ձեռքբերումը»,- եզրափակել է նա:
Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ԱՄՆ 60 կոնգրեսական նամակ է ստորագրել՝ կոչ անելով Վաշինգտոնին ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և հայկական տարածքի անօրինական օկուպացիայի համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն առաջարկել էր երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու վերաբերյալ։