Երևանն ակտիվորեն մասնակցել է Եվրասիայում անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը, որն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է ստորագրել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը և առաջարկություններ արել տեքստի վերաբերյալ։ Շատերը հաշվի են առնվել։ Միաժամանակ, հենց արտգործնախարարների խորհրդում Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի ստորագրել փաստաթուղթը։ Իսկ թե ինչու է նա այդպես արել, ավելի լավ է նա ձեզ ասի»,- նշել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ փաստաթուղթն ընդունվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Նա հրաժարվել է գնահատել Միրզոյանի՝ փաստաթուղթը չստորագրելու որոշումը և նշել, որ իր «անձնական կարծիքը կմնա իրեն»:
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չէր միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։