ՀՀ իշխանությունները երկարացրել են 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցության ժամկետը։ Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 10-ին կայացած նիստում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին ամսական 300,000 դրամի չափով աջակցության ժամկետը երկարացվել է երկու ամսով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի վերջը։ Աջակցության համար դիմումը պետք է ներկայացվի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։
11 անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ընտանիքներին սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին աջակցության տրամադրման ֆինանսական նախահաշիվը կկազմի 6,6 մլն դրամ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։