Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Մարությանը։
Ընտրություններին մասնակցելու որոշումը, նրա խոսքով, կայացվել է՝ ելնելով այն գիտակցումից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի վիճակի չէ դիմակայել Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին։
«Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, ապա մեր քաղաքական ուժը՝ «Նոր ուժ», տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը, այսինքն՝ այսօրվա կառավարության ՕԳԳ-ն շատ փոքր է։ Մենք կառաջարկենք մեր տեսլականները, կասենք, թե ինչպես ենք տեսնում այդ ամենը և ժողովուրդը կորոշի՝ կարո՞ղ ենք դա անել, կարո՞ղ ենք ստանձնել այդ շատ պատասխանատու աշխատանքը, թե՝ ոչ, բայց այն, որ մեր քաղաքական ուժը պատրաստ է և պատկերացնում է, թե ինչ է պետք անել՝ հստակ է»,- ասել է Մարությանը։
Նա նաև մեկնաբանել է վարչապետի դերն իր քաղաքական կարիերայում և հայտարարել, որ «իրեն քաղաքականություն է բերել ոչ թե Փաշինյանը, այլ հակառակը»։
«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենալ, այս դեպքում՝ հակառակն է այն առումով, որ ես և իմ աջակիցները, ընկերները միացել ենք, այսինքն՝ փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանը՝ ի դեմս Փաշինյանի, իսկ դրանից առաջ՝ դեռ փոքր ժամանակվանից, մեր բակի տղաներով վազում և մասնակցում էինք բողոքի ակցիաների։ Հետո, երբ արդեն ինչ-որ չափով հայտնի եմ դարձել՝ 2012-2013 թվականներից սկսած, փորձել եմ մաքսիմալ օգտագործել դա՝ ի նպաստ ժողովրդի»,- եզրափակել է Երևանի նախկին քաղաքապետը։
Մարությանը «Նոր ուժ» կուսակցության ստեղծման մասին հայտարարել էր հունվարի 30-ին։ Մայիսի 1-ին Երևանում տեղի էր ունեցել կուսակցության հիմնադրման համագումարը։ Օգոստոսին մամուլում լուրեր էին տարածվել Մարությանի կուսակցության որոշման մասին՝ բացել մարզային կառույցներ և աշնանը մի շարք հանդիպումներ անցկացնել հանրապետության բոլոր մարզերի բնակիչների հետ։
Մարությանը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել էր 2018 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը։ 2023 թվականի սեպտեմբերին նա դարձել էր Երևանի ավագանու անդամ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից, սակայն փետրվարի 7-ին խորհուրդն արտահերթ նիստում վաղաժամկետ դադարեցրել էր նրա լիազորությունները՝ նստաշրջանի նիստերի կեսից ավելին բաց թողնելու պատճառով։