ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, «Արմենպրես»-ին հայտնել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը։
«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,- մանրամասնել է նախագահը։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Խաչատուրյանը նշել է, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ այժմ օրակարգում դրված է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։
ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիայում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական որոշում չկա։