Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից իրականացվող գործունեությանը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետին ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա էին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները:
«Վարչապետը գտնվել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։