Հայաստանը ռուսական կողմի հետ չի քննարկել Իրանի և Թուրքիայի հետ սահմանի լիակատար վերահսկողությունը Երևանին փոխանցելու հարցը, Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը ձգտո՞ւմ է լիակատար վերահսկողության սահմանել այդ հատվածների նկատմամբ, Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մշտապես զարգացնում է իր հնարավորությունները, որպեսզի իր վրա վերցնի սահմանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանի՝ իր տարածքը պաշտպանելու պատրաստակամության մասին հարցը:
«Հայաստանն ամեն ինչ անելու է, ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու է։ Սցենարները կարող են տարբեր լինել, գուցե այս պահին բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Գրիգորյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։