Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «իրականությունից հեռու» է անվանել Երևանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները հետոյին թողնելով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համարժեք են և անբաժանելի միմյանցից։ Այս տեսանկյունից, ընդգծել է պետության ղեկավարը, Հայաստանի տարօրինակ առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ համաձայնեցվել է՝ չհամաձայնեցված հոդվածները թողնելով հետո», հեռու է իրականությունից, և նա նման մոտեցման նախադեպեր չգիտի»,- գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստը։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ալիևն ընդգծել է նաև, որ Եվրամիությունը պետք է չեզոքություն պահպանի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։
«Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկը սահմանին «եվրոպական դիտորդական առաքելության» մանդատի երկարաձգումն էր՝ առանց համաձայնության և նույնիսկ առանց Բաքվի հետ խորհրդակցելու։ Պրահայում Ադրբեջանը համաձայնել է առաքելության ժամանակավոր ներկայությանը երկու ամիս ժամկետով, և այդ առաքելությունը պետք է բաղկացած լիներ սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ալիևը նաև ԵՄ առաքելությունն անվանել է «հեռադիտակային դիվանագիտություն», որը, ըստ նրա, «դուրս է քաղաքական մշակույթի շրջանակներից»։
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերությունների հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։
Սեպտեմբերի 23-ին Ալիևը նշել էր, որ «Երևանը պայմանագրի բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։ Սեպտեմբերի 26-ին Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը։