Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 16 համաձայնեցված կետի մասին: Այս մասին նա խոսել է Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ունեցած իր ելույթում:
«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- ընդգծել է Սիմոնյանը:
Նա Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել քաղաքական կամք դրսևորել և աջակցել մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի ձգտմանը:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել թեկուզ այսօր»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերությունների հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։
Սեպտեմբերի 23-ին Ալիևը նշել էր, որ «Երևանը պայմանագրի բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։ Սեպտեմբերի 26-ին Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը։
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «իրականությունից հեռու» էր անվանել Երևանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները հետոյին թողնելով։