«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօր նախատեսված նիստը չի կայացել, հայտնում է «Հրապարակը»՝ հղում անելով ՔՊ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ պատճառը բացականերն են, թեպետ միայն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գործուղման մասին է հայտնի։ Նշվում է, որ նիստում իշխող ուժն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուների միջև ընտրություն պիտի կատարեր։
Նախարարի պաշտոնում, ըստ թերթի, առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին:
Հոկտեմբերի 10-ին Armlur.am-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում կուսակցության ղեկավարությունը մերժել էր Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։