«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է հասնել ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ Քոչարյանն այդ մտադրությունը փորձում է իրականացնել այլ պատգամավորների միջոցով։
«Նա, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ երեկոյան՝ սկանդալից հետո, Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի (ՔԿ նախագահ) վարքը քննարկելուն և պաշտոնանկության հարցը բարձրացնելուն»,- գրել է թերթը:
Թերթը պատմել է, որ Քյարամյանի՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս արտահայտությունը լսել են ոչ միայն Քյարամյանը, այլև դահլիճում նստածները: Դրանից հետի Քյարամյանն ամբիոնից հարցրել է` «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավո՛ր»: Պատգամավորն ու օգնականը վստահեցրել են, որ ոչ ոք ոչ մի բան չի ասել, և Քյարամյանը շարունակել է ելույթը:
Թերթի տվյալներով՝ Քոչարյանը ցանկանում է իրավապահ կառույցներից հեռացնել իրեն չենթարկվող ղեկավարներին՝ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ ներկայացուցիչների նշանակի այդ պաշտոններին:
Ըստ թերթի՝ ՔՊ պատգամավորների «հաջորդ զոհը» կլինի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որի պաշտոնանկության համար ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն է բարձրացրել պատգամավոր Արսեն Թորոսյանը։