ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել է Երևանի և Բաքվի մտադրությունների հետ և ասել, որ դա կախված չէ Վաշինգտոնից։
«Մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մի քանի ամիս առաջ և երկար ժամանակ պահանջում էինք դրա կնքումը՝ ի վերջո հույս ունենալով հասնել դրան: Բայց դա կախված է երկու կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից»,- ասել է նա:
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք իր առջև նպատակ չի դրել խաղաղության հասնել Հարավային Կովկասում մինչև Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29): Այսպես է նա մեկնաբանել Ադրբեջանի իշխանությունների՝ COP29-ից առաջ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելուց հրաժարվելը։
Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր նոյեմբերի COP29 գագաթնաժողովից հետո նոր ագրեսիա սկսելու Բաքվի մտադրության մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձր մակարդակով քննարկման ժամանակ ասել էր, որ Հայաստանը հրավիրել է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը Բաքվում COP29-ից առաջ համաձայնեցված հոդվածների վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «իրականությունից հեռու» էր անվանել Փաշինյանի առաջարկը՝ չհամաձայնեցված հոդվածները հետագային թողնելու վերաբերյալ։