«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վիճաբանությունը, հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն ինչ ասես կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել, խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում»,- ասել է Քոչարյանը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին։ Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթի տեղեկություններով, նա դա փորձում է անել այլ պատգամավորների օգնությամբ։