ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ վիճաբանությունից հետո չի բացառել վերջինիս մոտալուտ հրաժարականը։ Tert.am-ին նա հայտնել է, որ կարելի է սպասել Քյարամյանի հրաժարականին և նշել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից այս ուղղությամբ որևէ գործընթաց չի սկսվել։
Աղազարյանը հերքել է նաև տեղեկությունը, թե Քյարամյանի հետ միջադեպը «Քաղաքացիական պայմանագրում» իր դեմ սկսված արշավի հետևանք է։
«Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ կանչել է 4 ամիս առաջ, ի՞նչ կապ ունի երեկվա նիստի հետ: Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն այս կամ այն դրվագով որևէ պատգամավորի կանչում է հարցաքննության, դա նշանակում է, թե ՔՊ-ն ելել է արշավի՞ տվյալ անձի դեմ: Չէ, կան գործընթացներ, բոլորս էլ հավասար ենք, պարտավոր ենք մասնակցել այդ գործընթացին, եթե մեր անունը շոշափվում է, հետո քննությունը կպարզի՝ ով ինչ կարգավիճակ ունի»,- ասել է նա։
Աղազարյանը հաստատել է, որ իր որդին ներգրավված է ավտոմեքենաների ներկրման հետ կապված քրեական գործով։ Նա հայտնել է, որ որդուն հրահանգել է փոխզիջումների չգնալ։
«Թող Քննչական կոմիտեն գործն ավարտի, ուղարկի դատարան, երկու տարի է չի անում»,- եզրափակել է պատգամավորը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին։ Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթի տեղեկություններով, նա դա փորձում է անել այլ պատգամավորների օգնությամբ։ Քոչարյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Քյարամյանի և Աղազարյանի վիճաբանությունը։