ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ազգային Ժողովում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքը չպետք է անհետևանք մնա։
Նրա խոսքով՝ միջադեպը ստվերել է Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումները։
«Դեպքը ծանր նստվածք է տվել։ Պաշտոնյայի կողմից նման արձանագրումը չի կարող անհետևանք մնալ, դա անհնարին է։ Պաշտոնյան պետք է բացատրություն տա՝ իր պահվածքն ինչի՞ արդյունքում էր, այդ մարդու որոշումերը ճակատագրեր են որոշում։ Ինքն իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ պարոն Աղազարյանի տղայի հետ կապված ինչ-որ պատմություն հանեց ջրի երես, որն անթույլատրելի է էթիկայի տեսանկյունից»,- ասել է պատգամավորը։
Քոչարյանը հավելել է, որ Քյարամյանի՝ նման ձևաչափով առաջին այցն էր Ազգային ժողով։ Նա չի համաձայնել այն դիտարկմանը, որ Քյարամյանի պահվածքն անփորձ լինելու հետևանք է։
«Կրում է բարձրաստիճան զինվորականի ուսադիրներ և բավականին շատ շքանշաններ։ Երիտասարդ լինելով՝ հանդիսացել է և՛ վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, և՛ ԱԱԾ տնօրեն և հիմա ղեկավարում է բարեփոխված Քննչական կոմիտեն՝ մեծացած վիճակում»,- նշել է նա։
Անդրադառնալով իրավական գործընթացներում միջնորդություններին՝ ՔՊ պատգամավորը նշել է, որ եթե «օրենքը շրջանցելով միջնորդություն է արվել, այդ դեպքում՝ Գլխավոր դատախազը պետք է արձանագրի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»։
«Ակնկալում էի, որ դատախազական հսկողության տեսանկյունից Գլխավոր դատախազն ինչ-որ գործողություններ պետք է իրականացնի, որովհետև քննարկվող թեման և կառույցները դատախազական հսկողության միջավայրն են»,- շեշտել է նա։
Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն կքննարկի Քյարամյանի և Աղազարյանի վիճաբանությունը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին։ Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթի տեղեկություններով, նա դա փորձում է անել այլ պատգամավորների օգնությամբ։