Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության մի խումբ պատգամավորներ վարչապետ Ջասթին Թրյուդոյին կոչ կանեն հրաժարական տալ իր ղեկավարած քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնից, հայտնել է CTV հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ Լիբերալների խմբի հետ Թրյուդոյի զրույցը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Վարչապետի որոշ կուսակիցներ կարծում են, որ մեկ այլ առաջնորդ պետք է ղեկավարի Կանադայի Լիբերալ կուսակցությունը մինչև հաջորդ ընտրությունները, որոնք նշանակված են 2025 թվականի աշնանը։
Թրյուդոն և Կանադայի Լիբերալ կուսակցությունն սկսել են կորցնել կանադացիների աջակցությունը 2023 թվականին՝ գների շարունակական աճի և կենսամակարդակի բարձրացման ֆոնին: CBC հեռուստաալիքի վերջին սոցհարցման համաձայն՝ վարչապետի անձնական վարկանիշն այժմ կազմում է 23,1%, մինչդեռ Կանադայի ընդդիմադիր՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պոլյևրի վարկանիշը 42,6% է։
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Պահպանողականները երկու անգամ նախաձեռնել էին Թրյուդոյին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն նրանց չէին աջակցել մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։