Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը Հարավային Կովկասի երկրների ԱԳ նախարարները հայտարարություն կընդունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Հայտարարությամբ «3+3» երկրները նաև աջակցություն կհայտնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Փաստաթղթում ընդգծվելու է տարածաշրջանային խնդիրների և քաղաքական վեճերի լուծման կարևորությունը կողմերի միջև ուղիղ երկխոսության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև մարդու իրավունքների հարգման շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «3+3»-ի շրջանակներում նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ:
Նշենք, որ տարածաշրջանի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր Ստամբուլում «3+3» ձևափաչով արտգործնախարարների երրորդ հանդիպման մասին։ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատելով «3+3» ձևաչափով բանակցությունները՝ հայտարարել էր, որ գործող իշխանության մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթացում Հայաստանն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերի հաշվին։