Անկախության հռչակագրին վերաբերող քննարկման հիմնական նպատակն այն է, որ ևս մեկ անգամ արժևորվի Հայաստանի Անկախության հռչակագիրը, դատապարտվի նրա նկատմամբ ոտնձգությունները, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նպատակն է կանխել հայոց համազգային նպատակները ձևակերպած փաստաթղթի նսեմացման փորձերը և, միաժամանակ, արձանագրել, որ նմանատիպ փորձերը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում են առանձնապես ծանր հանցագործություն և վաղ թե ուշ՝ իշխանափոխությունից հետո, այդ անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասել է Մինասյանը։
Հարցին, թե ինչո՞ւ քննարկմանը ներկա չեն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, Մինասյանն ընդգծել է, որ կառավարությունն զբաղված է Հայաստանին ուղղված նախագծերի առաջմղմամբ։
«ՀՀ իշխանությունը միշտ էլ այնտեղ չէ, որտեղ քննարկվում են մեր պետականության ամրացման հարցերը։ Նրանք այնտեղ են, որտեղ թուլացվում է Հայաստանի ինքնիշխանությունը կամ փորձ է արվում վնաս հասցնել հայոց պետականությանը։ Այդ է պատճառը, որ իրենք այստեղ չեն, զբաղված են իրենց այլ գործերով»,- նշել է Մինասյանը։
Սեպտեմբերի 9-ին Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ ամբիոնից շարունակում են ուրանալ Արցախը։ Հոկտեմբերի 3-ին նա նշել էր, որ քաղաքական մեծամասնությունը վերահաստատել է Արցախն ուրանալու վարքագիծը։