Դիվանագետ, Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ArmeniaToday-ին մեկնաբանել է նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ 25 մլն հատկացնելու կառավարության որոշումը՝ գործուղումներն ապահովելու նպատակով։ Կառավարությունը որոշումը հիմնավորել էր նրանով, որ Խաչատուրյանն ու Փաշինյանն սպառել են 2024 թվականին դրա համար հատկացված 51 միլիոն դրամը։
Նա ընդգծել է, որ նախորդ իշխանությունների օրոք գործուղումներն ավելի համակարգված էին։
«Նախկինում ծախսերը և գործուղումները շատ ավելի համակարգված էին, սակայն ներկայիս իշխանության պարագայում այդ ամենը կարծես ջնջվել է և պետբյուջեն դարձել է սեփական ցանկությունների, քմահաճույքների բավարարման դաշտ»,- նշել է նա։
Դիվանագետի խոսքով՝ հաճախակի գործուղումները, սակայն, աչքի չեն ընկնում արդյունավետությամբ։
«Ցավոք, այդ գործողումները չեն զուգուրդվում Հայաստան պետության համար կարևոր և պիտանի հանդիպումների, փաստաթղթերի և պայմանվորվածությունների ձեռք բերումով։ Կա՛մ ներկայացուցչություն ապահովելու խնդիր է լուծվում, կա՛մ պետության համար կորստաբեր հանձնառություններ և համաձայնություններ են ձեռք բերվում, որի արդյունքները հիմա քաղում ենք»,- եզրափակել է Աղաջանյանը։
Հոկտեմբերի 17-ին կառավարությունը 50%-ով ավելացրել էր Փաշինյանի և Խաչատուրյանի արտասահմանյան այցերի բյուջեն։ Արտասահմանյան այցերի բյուջեն մինչև տարեվերջ կավելացվի 51%-ով։