Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ դա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև»,- նշել է նա:
Նախարարը հիշեցրել է Հայաստանի՝ Ադրբեջանին արված առաջարկը՝ երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերը պարզեցնելու և երկու երկրների ինքնիշխանության ու իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու տարբերակների մասին:
Ըստ Միրզոյանի՝ այն, որ ՀՀ-ի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը, թույլ կտա ավելի զարգացնել ՀՀ-ի սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ:
Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել ՌԴ-ի համապատասխան մարմիններին՝ տարիների ընթացքում Հայաստանի սահմանների պահպանության համար ցուցաբերած աջակցության և ծառայության համար:
Միրզոյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ»-ի հնարավոր իրականացմանը, որը, ըստ նրա, կարող է դառնալ «գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը»։
«Այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։ Ունենալով մեր առևտրային և հաղորդակցային կապերն ընդլայնելու փոխադարձ հանձնառություն՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ»,- շեշտել է նախարարը։
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Միրզոյանն անվանել է տարածաշրջանում հակադրությունների հաղթահարման կարևոր նախապայման։
«Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև շփումների խթանումը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների և ծրագրերի ներառականության ապահովումը կարևոր նախապայմաններ են առկա հակադրությունների հաղթահարման և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման ու բարեկեցության հասնելու համար»,- նշել է նախարարը։
Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատելով «3+3» ձևաչափով բանակցությունները՝ հայտարարել էր, որ գործող իշխանության մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթացում Հայաստանն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերի հաշվին։