Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին ու Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան։ Այսօր շատ խոսեցինք այդ մասին։ Մենք, թուրքերը և իրանցիներն առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Մենք հիշեցրեցինք այն դրույթները, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում»,- Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում նշել է Լավրովը։
Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատելով «3+3» ձևաչափով բանակցությունները՝ հայտարարել էր, որ գործող իշխանության մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթացում Հայաստանն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերի հաշվին։