Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար և COP29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը Երևանին կոչ է արել չչարաշահել Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովն (COP29) «իր շահերի համար», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սոլթանովն այսպես է մեկնաբանել COP29-ից առաջ խաղաղ համաձայնագիր ստորագրելու ցանկության մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացման որոշումը կայացվել է Երևանի և Բաքվի փոխադարձ աջակցությամբ։
«Ցանկալի է, որ այդ թափն արագանա, և մեր երկրների միջև կայուն խաղաղություն կնքվի։ Բայց դա պետք է լինի երկու երկրների կամքով, փոխադարձ համաձայնությամբ, փոխզիջումով»,- ասել է փոխնախարարը։
Սոլթանովը հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 11-12-ը Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին։
«Մենք պատրաստ ենք բոլոր մակարդակներով ընդունել հյուրերին»,- հավելել է նա։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կանցկացվի COP29-ը համաժողովը։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն է հայտնել COP29 համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։
Հունիսի սկզբին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Հայաստանի կառավարության ղեկավարի աշխատանքային ծրագրում նախատեսված չէ այց Բաքու՝ կլիմայի գագաթնաժողովին։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովին Հայաստանին հրավիրելու մասին։ Օգոստոսի 19-ին Բաքվում պահվող հայ գերիների և անհայտ կորած զինվորականների հարազատները բողոքի ցույց էին անցկացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղարկել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայի փոփոխության համաժողովը կամ անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին։