Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին վերահաստատել են տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
«Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։ Սեպտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» է Իրանի համար։
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանում իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը վերահաստատել էր աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Թեհրանի քաղաքականությանը։