ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կազանում 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի անձնական հրավերի ընդունումը դիվանագետն անվանել է «Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլում»։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները հաղորդակցության հնարավորություններ կունենան, բայց ինչ ձևաչափով և ինչ օրակարգով՝ կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը շատ ինտենսիվ կլինի»,- մեջբերում է գործակալությունը Կոպիրկինի խոսքերը։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը հոկտեմբերին ՌԴ Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Սեպտեբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին։ BRICS-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։