Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը և կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա ընդգծել է, որ տեղյակ չէ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների մասին։
«Նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր ապագա ներգրավումը ԲՐԻԿՍ-ի գործունեությանն օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- նշել է դեսպանը։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը հոկտեմբերին ՌԴ Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Սեպտեբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին։ BRICS-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։