Համացանցի ազատության մակարդակով Freedom House-ի երկրների վարկանիշում Հայաստանն զբաղեցրել է 74-րդ տեղը՝ երկու կետով բարելավելով իր դիրքերը, ասվում է «Ինտերնետ ազատությունն աշխարհում» զեկույցում։
2023 թվականին Հայաստանն զբաղեցրել էր 72-րդ տեղը։ Թեև առցանց միջավայրը Հայաստանում մնում է բաց, Հայաստանի իշխանությունները շարունակում են կալանավորել մարդկանց առցանց քննադատական ելույթների համար, և անհատները հաճախ թիրախ են դառնում լրտեսող ծրագրերի հարձակումների, ասվում է զեկույցում։
«Մարդիկ երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար: 2024 թվականի մարտին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր իրենց «Իմնեմիմի» փոդքաստում քննադատել էին իշխանությանը։ Հայաստանի Քննչական կոմիտեն ասել է, որ խորհրդարանական հանդիպմանը նվիրված թողարկման ժամանակ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական չափանիշների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով», հայհոյելով Փաշինյանին և նրա կաբինետին», – նշել է Freedom House-ը։
Ըստ Freedom House-ի տվյալների՝ Google-ը 2023 թվականին Հայաստանի կառավարությունից ստացել է 121 նյութի վերաբերյալ հեռացման հայտ, որոնք բոլորն առնչվում են YouTube-ի բովանդակությանը։ Ընկերությունը կատարել է հեռացման հարցումների 68,6%-ը: Միևնույն ժամանակ, կառավարությունն իրավասու է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունն արտակարգ դրության ժամանակ։
Համացանցում Հայաստանի տեղեկատվական տարածքը բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և հեղեղված է ապատեղեկատվությամբ։ Որոշ առցանց հարթակներում լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ, ասվում է զեկույցում։
Մայիսին «ՍիվիլՆեթը» հայտնել էր, որ Facebook-ի իշխանամետ էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ղեկավարած լրատվամիջոցը, կեղծ տեղեկություններ են տարածում այն մասին, որ որ մայիսին Փաշինյանի կառավարության և Տավուշի սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է։
Freedom House-ը հիշեցրել է, որ 2021 թվականին Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարել Քրեական օրենսգրքում և քրեականացրել «լուրջ վիրավորանքները»։ Օրենքը նախատեսում էր, որ ծանր վիրավորանքները, այսինքն՝ այլ անձի արժանապատվությունն «անպարկեշտ կերպով» վիրավորող մեկնաբանությունները, որոնք ուղղված են պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին և այլ հասարակական գործիչներին, կարող են պատժվել մինչև 500,000 դրամ տուգանքով (1200 դոլար): Լուրջ վիրավորանքներն ապաքրեականացվել են Քրեական օրենսգրքի նոր տարբերակով, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսին։ 2021 և 2022 թվականներին այս փոփոխություններով բազմաթիվ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվել։
Լրագրողները երբեմն ենթարկվում են արտաօրինական ահաբեկման կամ ֆիզիկական բռնության՝ ի պատասխան իրենց աշխատանքի: 2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել էր լրագրողների նկատմամբ բռնության վեց դեպք՝ ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն, և 60 դեպք, երբ նրանց վրա ճնշում էր գործադրվել այլկերպ։
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են նաև կիբերհարձակումները՝ թիրախավորելով ինչպես պետական կայքերը, այնպես էլ քաղաքացիական հասարակության խմբերը։ Առավել հաճախ դրանց աղբյուրներն են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ 2022 թվականի հոկտեմբերին ադրբեջանցի հաքերները հարձակվել էին ավելի քան 200 հայկական կայքերի վրա՝ դրանք օգտագործելով քարոզչություն հրապարակելու համար։ Հարձակման ենթարկված կայքերից էին Գյումրու քաղաքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու, Բյուրականի աստղադիտարանի և Պետական կոնսերվատորիայի կայքերը, հիշեցրել է կազմակերպությունը։ 2023 թվականի սեպտեմբերին հարձակման էին ենթարկվել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի կայքէջերը։
Freedom House-ն ապրիլին իջեցրել էր Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից մինչև 2,25՝ «գործադիր իշխանության ուժեղացման, կենտրոնական իշխանության կողմից իր լիազորությունները չարաշահելու, ընդդիմադիր քաղաքապետերին իմփիչմենթ անելու վաղեմի տենդենցի և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով»։ Մայիսին «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր Հայաստանում լրատվամիջոցների բևեռացման և լրագրողների նկատմամբ հետապնդումների մասին։