Ձերբակալվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման համակիրներ, հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանը չի հստակեցրել, թե քանի մարդ է ձերբակալվել։
Ըստ փաստաբանի՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի գիշերը։ «Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալներ», իբրև թե զենք ունենալու մասին, մի խումբ ոստիկաններ ձերբակալել են համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն։ Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով ձերբակալվել են»,- նշել է նա։
Խուդոյանը հավելել է, որ «կեղծ օպերատիվ տեղեկությունների հիման վրա» մեկ անձ ձերբակալվել էր մեկ շաբաթ առաջ, ու թեև ժամեր անց ազատ էր արձակվել, սակայն իր մեքենան կարողացել էր հետ ստանալ միայն օրեր անց։
Փաստաբանը խոստացել է ԶԼՄ-ներին կներկայացնել այս գործընթացների մանրամասն տվյալները, ինչպես նաև այն քայլերը, որոնք «նախաձեռնվելու են լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձանց նկատմամբ»։
ԶԼՄ-ները հոկտեմբերի 11-ին հայտնել էին, որ «Սրբազան պայքար» շարժման հրավիրած հոկտեմբերի 6-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկել կազմակերպչական հարցերով զբաղվող ակտիվիստների։
Հոկտեմբերի 6-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել ընդդիմադիր շարժման հանրահավաքը։ Գալստանյանը Սահմանադրական դատարանի որոշումը սահմանազատման հանձնաժողովների կանոնների մասին անվանել էր «մեծ արկ մեր պետականության հիմքերի տակ» ու կոչ արել երթով գնալ դեպի ՍԴ շենք։