Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, հայտարարել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
Նախաձեռնությունն ընդգծել է, որ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։ «Հայաքվեն» այդ համատեքստում հղում է արել 2023-ի հոկտեմբերի 5-ին Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությանը։
«2023-ի հոկտեմբերի 5-ին Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86,600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, լեգիտիմացնող քայլ է»,- հավելել է նախաձեռնությունը։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։