Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու ռիսկեր չեն լինի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն ասել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը նախագահող Մհեր Գրիգորյանը։
«Եթե մենք ստորագրել ենք կանոնակարգը, ապա, կարծում եմ, որևէ պատրվակով այն երկրների կողմից չվավերացնելը բացատրություն չի ունենա։ Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա վավերացումից հետո ունենք վերջին փուլ, ըստ որի՝ կողմերը պետք է փոխանակեն ծանուցումների բնօրինակները։ Եթե կողմերից մեկը չավարտի վավերացման գործընթացը կամ դա անի վերապահումներով, ապա ծանուցումների փոխանակում չի լինի և գործընթացը կընդհատվի»,- ասել է նա։
Փոխվարչապետը բացառել է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ՀՀ-ում կանոնակարգը վավերացնելուց հետո այն ուժի մեջ կմտնի, իսկ Ադրբեջանում վավերացված հայելանման տեքստ չի լինի։
Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի վերջում Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային պայմանագիր են կնքելու։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։