Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրինագծին։
Կանոնակարգը դրական եզրակացություն ստացավ 5 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Այն վավերացնելու հարցը ներառվեց հոկտեմբերի 22-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստի օրակարգում։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։