Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքել է «ԿամԱԶ»-ի բաժնետերերից «Ավտոինվեստ»-ի կապիտալը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իրավաբանական անձանց ռուսական պետական ռեգիստրին։
Վարդանյանին էին պատկանում «Ավտոինվեստ»-ի բաժնետոմսերի 15%-ը։ Նրա մասնաբաժինը փոխանցվել է «Մոդում-Տրանս» երկաթուղային օպերատորի գլխավոր տնօրեն Դմիտրի Արտյակովին։ Փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի, ասվում է զեկույցում։
Հրապարակման մեջ նշվում է, որ Վարդանյանն ընկերությունն անվանել է «լավագույն նախագծերից մեկը» Ռուսաստանում և հպարտ է, որ 2004 թվականին միացել է «ԿամԱԶ»-ին:
Ըստ ներդրումային բանկիր Իլյա Շումովի՝ Արցախի նախկին պետնախարարը հուլիսի 1-ին Q Capital-ի միջոցով «Ավտոինվեստ»-ի 5%-ը վաճառել էր Սերգեյ Կոգոգինին։ Նա չի բացառել, որ համասեփականատերերի ցանկից դուրս գալը կարող է կապված լինել գործարարի ձերբակալության հետ։
2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։
2023 թվականի դեկտեմբերին Փարիզի քաղաքապետը և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։