Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի վավերացման հետ կապված մտահոգությունները՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից փաստաթուղթը չվավերացնելու հավանականությունը բարձր չէ։
«Պետք է հաշվի առնել Հայաստանի և Ադրբեջանի իրավական համակարգը։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, Ադրբեջանը՝ նախագահական։ Եվ, վերջիվերջո, այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու երկրներն էլ արձանագրություններ են փոխանակում այն մասին, որ գործընթացն ավարտված է։ Չեմ կարծում, որ այս փուլում մենք պետք է մտահոգություններ ունենանք։ Բայց, այնուամենայնիվ, եթե հանկարծ Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը, մեր կողմից իրականացրած գործընթացը ոչ մի իրավական ուժ չի ունենա»,- պարզաբանել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները թույլ չեն տալիս մտածել, թե հետ կկանգնեն կանոնակարգի վավերացումից։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: ՀՀ կառավարությունը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։