Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (CՕP29) Հայաստանի մասնակցության հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչո՞ւ ենք մեկնում, ի՞նչ կտա Հայաստանին այդ մասնակցությունը և ի՞նչ մակարդակով ենք մասնակցելու։ Քննարկելուց հետո կհասկանանք՝ պե՞տք է մասնակցել, թե՞ ոչ»,- նշել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանն ընդգծել է, որ CՕP29-ին մասնակցելու առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ։
«Այդ միջոցառումն անցկացնում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՄԱԿ-ը, որի անդամ է Հայաստանը»,- եզրափակել է Սիմոնյանը։
CՕP29-ը տեղի կունենա Բաքվում՝ նոյեմբերի 11-22-ը: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցել էր COP29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հայտին։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել: