ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցեր։
Նշվում է, որ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նա համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:
Իր հերթին՝ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը։ Նա շեշտել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ «հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը»:
Փաշինյանն ու Քարփենթերը քննարկել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունները։ Բայդենի հատուկ օգնականն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգին։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ քննարկել էր քննարկել է երկկողմ օրակարգը, ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։