ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում կոչ է արել այս տարի ավարտել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը Փաշինյանի հետ հանդիպմանը նրան նամակ է փոխանցել ԱՄՆ նախագահի կողմից։
Նամակում Բայդենը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը «կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ»։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը, ըստ ԱՄՆ նախագահի, վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը»,- նշել է Բայդենը։
Նրա խոսքով՝ «խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում»:
«Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Բայդենը կոչ էր արել մինչև տարեվերջ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։