ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի քննադատությունը։
Միրզոյանի խոսքով՝ քանի դեռ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, ԵՄ առաքելության ներկայությունը պահանջված կլինի։
«Մեր տեսանկյունը կարող եմ ասել. քանի դեռ Ադրբեջանի հետ չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց և կայունություն, երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն և դեռ կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և, ըստ այդմ, մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկմանը և բոլոր տեսակի նաև կեղծ հրապարակումների ու կեղծ լուրերի փարատմանը»,- շեշտել է նախարարը։
Նա հավելել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն զբաղվում է այն գործողություններով, գործունեությամբ, որոնցով օժտված է ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող:
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։