Կազանում՝ ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպանը նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Կառավարության փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
«Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնն ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում, այլ զարգանում է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում»,- ասված է հրապարակման մեջ։
IRNA գործակալությունը գրել է, որ ղեկավարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։