Կազանում՝ ԲՐԻԿՍ+ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։ Հանդիպման օրակարգի ու բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է, այն տևել է մեկուկես ժամ։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպանը նշել էր, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Փաշինյանին և Ալիևին ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկմանն իրար կողք էին նստեցրել։ Նրանք զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։