Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի նիստում ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արել իր ԶՈւ ստորաբաժանումներին դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, ապահովել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերին, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
«Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը ԵԽ-ն ընդունել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Խորհրդարանը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Բանաձևի նախաբանում ԵԽ-ն նշել է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ։ ԵՄ-ին և նրա անդամ երկրներին ԵԽ-ն կոչ է արել ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։
Եվրոպական խորհրդարանն արձանագրել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը։
2023-ին Արցախի դեմ պատերազմը ԵԽ-ն «միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակում» է որակել՝ դատապարտելով էթնիկ զտումները, 23 հայի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան:
Խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստորեն դատապարտել է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ արել կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։ ԵԽ-ն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում՝ հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։
Բանաձևում անդրադարձ կա Արցախի վերադարձի իրավունքի իրացման հարցին։
«Հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, ԵԽ-ն պահանջում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանությունից և հայության հանդեպ խտրականության դրսևորումներից։ Խորհրդարանը նաև պահանջում է Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում»,- հավելել են հրապարակման մեջ։
Բանաձևում հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։
Խորհրդարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապուղիները վերականգնումը դիտարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։