Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել են շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, հայտնել են ՀՀ կառավարությունից։
«Արտգործնախարարներին հանձնարարվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները շարունակել այն հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ սահմանների սահմանազատումը, սահմանագծումը։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել էր Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։
Գագաթնաժողովի շրջանակում ավելի վաղ մեկնարկել էր Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ։ Հանդիպումը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, տևել է մեկուկես ժամ։
Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանին և Ալիևը ԲՐԻԿՍ-ում զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ու նշել, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: