ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքը, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Խաչատուրյանն ստորագրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը»,- ասված է փաստաթղթում։ ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: ՀՀ կառավարությունը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները: