«Սրբազան պայքարը» բողոքի ցույց է անցկացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրի մոտ այն բանից հետո, երբ նա հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կանոնակարգը։
Ցուցարարները պարզել էին՝ «Արթնացի՛ր, պարոն անգործ» գրությամբ պաստառներ։
Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ նախագահը, վախեցած, գիշերը ստորագրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնող օրենքը։ Նա ենթադրել է, որ նման հանձնարական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր երկրում, այսպես կոչված, աշխատանքային կանոնակարգն անցնում է բոլոր մեր պետական ընթացակարգերով՝ ընդհուպ Սահմանադրական դատարանով, Ազգային ժողով, նախագահ, իսկ Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը։ Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չէ։ Ակնհայտ է՝ գործընթացը ծայրից ծայր ստախոսություն է»,- նշել է Գալստանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահ է, որ ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման ակցիան ուշացած չէ։ «Իրենք [Հայաստանի իշխանությունները] գիտեին, որ մենք ակցիա պիտի անեինք, հապճեպ ստորագրեցին։ Մենք ենք ուշացած, թե՞ իրենք են Ալիևի հետ սինխրոն գործողություններ անում։ Ալիևը ստորագրում է, դրանից մի քանի րոպե հետո իրենք են ստորագրում։ սա Ձեզ ոչ մի բան չի՞ ասում»,- ընդգծել է Դանիելյանը։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքը։ Կանոնակարգը հաստատելու մասին հրամանագիր էր ստորագրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։
Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։ ԱԺ ընդդիմությունը հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։