ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի ընդունման համար ստորագրահավաք նախաձեռնած խումբը հայտնել է, որ հավաքվել է անհրաժեշտ թվով ստորագրություն` 50,000-ի փոխարեն 60,000։
Նշվում է, որ հավաքված ստորագրություններn առաջիկայում կներկայացնեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
Ստորագրահավաքն իրականացնում են մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ։ Նախաձեռնության նպատակն է «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն սկսելու մասին» օրենքի ընդունումը։ Համապատասխան օրինագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար նախաձեռնության հեղինակները մինչև նոյեմբերի 14-ը պետք է հավաքեին 50,000 ստորագրություն։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հուլիսի 1-ին Հայաստանի ժողովրդավարության ֆորումի ժամանակ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
Հուլիսին Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը հայտարարել էր «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի պլանների մասին՝ ստորագրահավաք սկսելու հանրաքվեի առաջարկին աջակցելու համար։ Սեպտեմբերի 5-ին գործընթացն սկսելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացվել։ Ստորագրահավաքն սկսվել էր սեպտեմբերի 16-ին։