Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, տեղեկությունն «Ազատությանը» հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։
Armenia Today-ին խոսնակը հայտնել է, որ քաղաքապետարանից հայտարարություն են տարածելու։ «Սպասեք հայտարարության»,- մեկնաբանել է խոսնակը։
Սամսոնյանը Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նա քաղաքապետ էր դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Սամսոնյանի թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։