ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում՝ ԲՐԻԿՍ+-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը խոսել են գերիների, այդ թվում՝ Բաքվում ապօրինի կալանավորված, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի մասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանք նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների վերականգնման հարցը, հավելել է կայքը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը և կառավարության որոշ անդամներ հոկտեմբերի 25-ի երեկոյան շտապել են խորհրդարան և մանրամասներ հայտնել հանդիպումից։
ՔՊ պատգամավորներից թերթին պատմել են, որ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ալիևին առաջարկել է COP-29-ին Հայաստանի մասնակցության դիմաց գերեվարված զինծառայողներից մի քանիսին վերադարձնել։ Միրզոյանը, ըստ ԶԼՄ-ի աղբյուրների, երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը։
«Ալիևը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել։ Ասել է՝ «ինչո՞ւ Վարդանյանին չեք պահանջում»: Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է՝ «որովհետև գիտեմ, որ չեք տալու»»,- ասված է հրապարակման մեջ։
Ադրբեջանի նախագահնն ի պատասխան հավելել է․ «Փոխարենն այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։
Բեռնափոխադրումների վերականգնման առումով Փաշինյանը և Միրզոյանը ՔՊ պատգամավորների հետ հանդիպմանը վստահեցրել են, որ այդ դեպքում Հայաստանը մոտ ապագայում տնտեսապես կծաղկի, և մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։
Փաշինյանը և Ալիևը հանդիպել էին հոկտեմբերի 24-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել էին շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, քննարկել էին նաև սահմանազատման հարցը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարը, իսկ ադրբեջանական կողմից Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանին և Ալիևը ԲՐԻԿՍ-ում զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։
Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։ Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի դատարանը երկարաձգել էր Վարդանյանի կալանքը։
Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։