Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանը կառավարության նիստում ընդգծել է, որ «Թուրքիան շարունակելու է համակարգված աշխատանքն ադրբեջանցի եղբայրների հետ՝ հանուն կայուն խաղաղության»։
«Նախքան որևէ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուրեր ստանալ այդ ուղղությամբ»,-հայտարարել Է Էրդողանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում նկատի ունի:
Նա հիշեցրել Է Ստամբուլում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ նշելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
Ստամբուլում տեղի էր ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Էրդողանն այս հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Նա գոհունակություն էր հայտնել, որ «Հարավային Կովկասի կերպարը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։