Հայաստանի վարչապետի աշխատակազմը թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների կհրավիրի ՀՀ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լուսաբանելու նպատակով, ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմը մեծ ուշադրություն է դարձնում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի խթանմանը։ Այս համատեքստում նա նշել է, որ այս տարեվերջին կամ 2025 թվականի սկզբին Հայաստանում կկազմակերպվի տարածաշրջանային փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հանդիպում։
«Թեև բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու։ Այս նախաձեռնությունը կքննարկվի նաև իրանցի փորձագետների հետ, որոնց 4-օրյա այց է նախատեսվում Հայաստան։ Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ կներկայացվի Խաղաղության խաչմերուկը»,- ասել է նա։
2023թ․ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» շահառու են։