Ներքին Հանդի մի մասն Ադրբեջանը վերցրել է, կա վտանգ, որ կարող է այդ ուղղությամբ կրկին հարվածել, Սյունիքում լրագրողներին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նա խոսել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի և սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի կողմից օկուպացրած ՀՀ տարածքների անվտանգային խնդիրների մասին։
«Այս իրավիճակը Ներքին Հանդի բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում։ Վտանգի զգացում կա, ինչպես նաև մտահոգություն, որ Ադրբեջանը կարող է կրկին հարվածել։ Բնակչությունը նաև ջրի խնդիր ունի։ Ես տեսա մարդկային ծանր ապրումներ՝ մարդիկ չեն կարողանում իրենց հարազատների գերեզմաններ այցելել»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:
Սեպտեմբերի 24-ին Թաթոյանը հայտնել էր, որ Ներքին Հանդի՝ ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում։