Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Արցախի կորստի համար։
«Այո՛, մեղավոր է»,- լրագրողներին ասել է նա և հավելել, որ կարող է նշել Արցախի կորստի պատասխանատուների բազմաթիվ անուններ։
Քաղաքապետի խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ զոհեր լինեին, բայց Արցախը մնար հայկական։ «Կարծում եմ, որ (հայրենիքի համար-խմբ․) շատ մարդ կարող է մահանալ, շատերի համար իմ կարծիքը կարող է սխալ լինել։ Ես այդպես եմ կարծում, գուցե իշխանությունը մտածում է, որ մարդիկ չպետք է մեռնեն։ Այս տեսակետն ազգաբնակչության մեծ մասը պաշտպանեց»,- ասել է Առուշանյանը։
Պատասխանելով հարցին, որ եթե իշխանությունները Գորիսի մի հատվածն Ադրբեջանի կազմում ճանաչեն, ի՞նչ գործողություններ կձեռնարկի, քաղաքապետն ասել է՝ «զենք կվերցնի ու կկռվի»՝ հստակեցնելով, որ կռվելու է թշնամու դեմ։
«Իշխանության դեմ զենքով չեն կռվում։ Զենքով կռվում են թուրքի, թշնամու դեմ, հայրենակցիդ դեմ զենքով ինչպե՞ս կռվես»,- հավելել է քաղաքապետը։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր ԱՆ պրոբացիոն ծառայության դեմ Առուշանյանի բողոքը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Սեպտեմբերի 10-ին դատարանն Առուշանյանին 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկելու որոշում էր կայացրել։