«Քաղաքացիական պայմանագրում» հոկտեմբերի 10-ին Գարեգին Բաղրամյանի հրաժարականից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու են փնտրում, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկում են այդ պաշտոնում մի քանի թեկնածուի, սակայն վերջնական որոշում դեռ չկա:
«Խոսքն էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021 թվականներին զբաղեցրել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը, որից առաջ՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, ՀԾԿՀ ներկայացուցիչ էր։ Մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը: Որոշ ժամանակ առաջ նա ցանկանում էր ընդգրկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում, բայց ՔՊ-ն ընդդիմացել էր»,- ասված է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 10-ին Բաղրամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չբացահայտելով պատճառը։ Բաղրամյանը ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։